Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Կորսված հեքիաթը գտած մարդը

Կորսված հեքիաթը գտած մարդը
24.06.2024 | 06:57

Ամեն առավոտ շանս զբոսանքի եմ տանում ու առաջին բարև, բարի լույսն աղբամանների մեջ օրվա ապրուստը փնտրող տղամարդուն ենք տալիս:

Հետո ծխախոտ ենք վառում, միասին ծխում ու զրուցում դեսից-դենից: Կիրթ, գրագետ մարդ է զրուցակիցս: Անցած օրը փորձեցի ծխախոտի տուփը նվիրել, հրաժարվեց.

- Պետք չի, խանութը բացվի կառնեմ:

- Լավ, գոնե մի երկու հատիկ վերցրու, մինչև խանութը բացվի:

Չմերժեց:

Շունս լուռ հետևում էր մեր զրույցին:

- Չի կծում չէ՞,- հարցրեց մարդը:

- Չէ՛, բարի մարդկանց վրա ո՛չ հաչում է, ո՛չ էլ կծում:

- Ասում են` շան տերը, եթե բարի է, շունն էլ է բարի:

Ծիծաղեցինք:

...Այս առավոտ էլ զբոսանքի էինք:

Մարդը չկար: Շունս աղբամանների մոտ կանգնեց, հոտոտեց, հետո տխուր աչքերով նայեց ինձ ու ասես հասկացրեց՝ ուշացել ենք, գնացել է:

Հետո, հանկարծ ձիգ տվեց կապն ու վազեց դեպի ցայտաղբյուրը;

Ցայտաղբյուրի մոտ մեր ծանոթն էր, շունս ուրախությունից պոչն էր խաղացնում ու նրա տխուր աչքերի մեջ ուրախության փայլ կար:

Շան աչքերը չեն խաբում:

- Տես ի՜նչ եմ գտել,-ուրախ ասաց նա ու ցույց տվեց տիկնիկը,- լվանամ, մաքրեմ, տանեմ թոռնիկիս կտամ, ո՜նց կուրախանա:

- Քանի՞ թոռ ունես,-հարցրի ու զգացի, որ ձայնս խեղդվում է:

- Երկուսը՝ տղա, աղջիկ,- ասաց:

- Աստված պահի,- ասացի ու տեսա կորսված հեքիաթը գտած մարդու և՛ տխրությունը, և՛ ուրախությունը:

Լուռ ծխեցինք:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 9560

Մեկնաբանություններ